Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Fox News-ի հետ բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել իր ուրանի հարստացման ծրագրից՝ չնայած ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից նախատեսվող կոշտ պատժամիջոցներին։
«Ուրանի հարստացումը մեր գիտնականների նվաճումն է, և դա մեր ազգային հպարտությունն է։ Այն մեզ համար չափազանց կարևոր է»,- հայտարարել է Արաղչին։
Նրա խոսքով՝ նախորդ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի իրականացրած հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասվել են։ Նա չի մանրամասնել՝ արդյոք հարվածներից հետո հարստացված ուրան մնացել է, սակայն ընդգծել է, որ հարստացումը ժամանակավորապես դադարեցվել է։
Չնայած Իրանը պնդում է, որ միջուկային զենք չի արտադրում, անվտանգային փորձագետներն ահազանգում են, որ Թեհրանը մոտ է դրա արտադրությանը։ Ըստ գնահատականների՝ Իրանը կարող էր օրերի ընթացքում պատրաստել մեկ միջուկային մարտագլխիկ, իսկ շաբաթների ընթացքում՝ մի քանի։