Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ուսումնավարժական F-7 BGI տիպի ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց՝ ընկնելով քոլեջի և դպրոցի տարածքում։
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, իսկ 88 քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով։
Բանգլադեշի զինվորականների տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել սովորական ուսումնական թռիչքի ժամանակ՝ մեխանիկական խափանման պատճառով։ Զոհվածների թվում է նաև օդաչուն։
Իշխանությունները երկրի ողջ տարածքում հայտարարել են սգո օր։ Պետական շենքերին կցված դրոշները իջեցվել են կիսով չափ, իսկ բոլոր կրոնական կառույցներում անցկացվել են հիշատակի աղոթքներ։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվել է հատուկ քննիչ հանձնաժողով։
Ըստ Jane's Information Group-ի՝ F-7 BGI-ը Չինաստանում արտադրված Chengdu J-7/F-7 ինքնաթիռների ընտանիքի ամենանոր ու տեխնոլոգիականորեն առաջադեմ մոդելն է։ Բանգլադեշը 2011 թվականին կնքել էր պայմանագիր 16 նման ինքնաթիռի ձեռքբերման վերաբերյալ, որոնց մատակարարումները ավարտվել են 2013 թվականին։