Միջազգային

Լարիջանին Պուտինին է փոխանցել Փեզեշքիանի ուղերձը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Լարիջանին հուլիսի 20-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ուղերձը: Ինչպես նշել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, բանակցությունները կառուցողական բնույթ են կրել:

«Ալի Լարիջանին, որպես նախագահի հատուկ բանագնաց, փոխանցել է ուղերձ և պարզաբանել Իրանի տեսակետները տարածաշրջանի զարգացման, միջազգային խնդիրների և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Նա կառուցողական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես երկկողմ հարաբերություններն ու վերջին երեք-չորս շաբաթվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները», - ասել է դիվանագետը։ 

Նրա խոսքով՝ Լարիջանին նախկինում ևս նմանատիպ այց է կատարել Ռուսաստան, և նման այցելությունները երկու երկրների միջև հարաբերություններում նորմալ պրակտիկ բնույթ են կրում։