Միջազգային

Դա Ադրբեջանի իրավունքն է. Պեսկով

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն ամուր հիմք ունեն, բայց հիմա բարդ շրջան են ապրում։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ամուր հիմք, իրոք, կա, կա երկու երկրների շահերի համընկնում, կա փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն։ Բայց երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում բարդ ժամանակաշրջաններ են տեղի ունենում։ Այժմ այդ ժամանակաշրջաններից մեկն է», - ասել Է Պեսկովը։ 

Նա նաև անդրադարձել է ադրբեջանական ինքնաթիռի Ակտաուի մոտակայքում կործանումից հետո միջազգային դատական ատյաններ հայց ներկայացնելու հարցին։

«Ընթանում են քննչական գործողություններ, ընթանում է քննություն։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական վճիռների», - ասել Է Պեսկովը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքուն Ակտաուի մերձակայքում AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված փաստաթղթեր է պատրաստում դրանք միջազգային դատական ատյաններ ներկայացնելու համար: