Իսրայելական ուժերը Գազայի հատվածում սպանել են առնվազն 115 պաղեստինցու, որոնցից 92-ը գնդակահարվել են մարդասիրական օգնություն ստանալիս՝ հայտնում է Al Jazeera-ն։
Զիքիմ բնակավայրում իսրայելական զինված ուժերը կրակ են բացել առնվազն 79 պաղեստինցու վրա այն ժամանակ, երբ բազմությունը հավաքվել էր՝ ՄԱԿ-ի օգնության շարասյունից ալյուր ստանալու հույսով։ Ռաֆահ քաղաքում, մարդասիրական օգնության կետի մոտ, սպանվել է ևս 9 քաղաքացի։ Այդտեղից մեկ օր առաջ նույն վայրում զոհվել էր 36 մարդ։ Խան Յունիսում՝ ևս մեկ օգնության կետի մոտ, սպանվել է 4 մարդ. տվյալները հրապարակել է Պաղեստինի քաղաքացիական պաշտպանությունը։
Իսրայելի զինված ուժերը հայտնել են, թե հյուսիսային Գազայում կիրակի օրը նախազգուշական կրակ են բացել հազարավոր մարդկանց ուղղությամբ՝ «անմիջական սպառնալիքը վերացնելու նպատակով»։ Բանակը պնդում է, որ զոհերի թվերի վերաբերյալ տվյալները «չափազանցված են» և որ իրենք «դիտավորյալ չեն թիրախավորում մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները»։ Հարավային հատվածում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ բանակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) հայտնել է, որ Գազա ժամանելուց անմիջապես հետո՝ սննդամթերք տեղափոխող 25 բեռնատարներից կազմված ավտոշարասյունը շրջապատվել է «սովից տառապող բազմության» կողմից, որից հետո հայտնվել է կրակի տակ։ «WFP-ն ևս մեկ անգամ հայտարարում է, որ օգնություն փնտրող քաղաքացիների դեմ կիրառվող ցանկացած բռնություն բացարձակապես անընդունելի է»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ։