Միջազգային

Միջքանցքը չափազանց կարևոր է, բայց չպետք է լարվածության պատճառ դառնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին»։

Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը կարող է լուրջ խթան դառնալ տարածաշրջանային համագործակցության համար։ «Մենք այս միջանցքը համարում ենք ծայրահեղ կարևոր՝ հաշվի առնելով դրա ռազմավարական և տնտեսական նշանակությունը։ Այն կապելու է ոչ միայն մեր տարածաշրջանը, այլև դրանից դուրս գտնվող աշխարհագրական տարածքները՝ խթանելով առևտուրը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև ընդգծել է, որ միջանցքը չպետք է դառնա լարվածության պատճառ։ «Մեր հիմնական սպասելիքն այն է, որ այս միջանցքը վեճերի աղբյուր չդառնա, այլ վերածվի համագործակցության խորհրդանիշի։ Այդպիսով, տարածաշրջանը կդառնա բարգավաճման գոտի, որտեղ գերակայում է համագործակցությունը»,- ասել է նա։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանի ղեկավարությունն ունի հստակ շահագրգռվածություն միջանցքի գործարկման հարցում։ «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մեծ կարևորություն է տալիս Զանգեզուրի միջանցքին։ Նա ցանկանում է հնարավորինս արագ պատրաստել այն և օգտագործել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի օգտին։ Վստահ եմ, որ մենք միասին կլուծենք այս հարցը»,- ընդգծել է Էրդողանը։