Այս շաբաթ Ստամբուլը դառնալու է միջազգային դիվանագիտության կենտրոն. այստեղ նախատեսված է երկու կարևորագույն բանակցություն. գրում է Independent Türkçe-ն։
Ուրբաթ օրը Ստամբուլում նախատեսված են բանակցություններ Իրանի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ։ Սա կողմերի միջև առաջին պաշտոնական շփումը կլինի այն բանից հետո, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն վերջերս հարվածներ հասցրին Իրանի որոշ օբյեկտների։
Ակնկալվում է, որ քննարկման առանցքում կլինեն Իրանի միջուկային գործունեության սահմանափակման, վերահսկողական մեխանիզմների վերագործարկման և փոխադարձ վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումները։
Նույն շաբաթվա ընթացքում Ստամբուլում սպասվում են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ խաղաղ բանակցություններ։ Ըստ աղբյուրների՝ ռուս-ուկրաինական հանդիպումը կարող է կայանալ չորեքշաբթի կամ հինգշաբթի։ Հանդիպման ժամանակի, վայրի և պատվիրակությունների կազմի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։
Ներկայում ընթանում են երկու բանակցությունների կազմակերպչական աշխատանքները՝ ներառյալ վայրերի վերջնական որոշումը, անվտանգության ապահովման միջոցառումների սահմանումը և լոգիստիկ հարցերի կարգավորումը։
Բանակցությունները, ինչպես նշվում է, կանցկացվեն փակ ձևաչափով՝ առանց մամուլի մասնակցության։ Հանրությանը մանրամասները կհաղորդվեն բացառապես գրավոր հայտարարությունների միջոցով։