Միջազգային

Բրիտանիայի պաշտպանության նախարարը «50-օրյա արշավի» կոչ է անում

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին «Ռամշտայն» ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի առաջիկա նիստում մտադիր է կոչ անել մասնակիցներին «50-օրյա արշավ» սկսել՝ Կիևին ռազմական օգնության ինտենսիվ ավելացման նպատակով: Այս մասին հայտնել է The Telegraph թերթը՝ վկայակոչելով բրիտանական պաշտպանության նախարարության հայտարարությունը։

«Որպես Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի անդամներ, մենք պետք է մեր հերթին «50-օրյա արշավ» ձեռնարկենք՝ զինելու Ուկրաինային մարտի դաշտում և ստիպենք Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասված է Հիլի հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, հուլիսի 21-ին կայանալիք նիստում Լոնդոնն ու Բեռլինը որոշում կկայացնեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի համար մեծ թվով հրթիռներ գնելու մասին: