Միջազգային

Հայտարարում եմ լիակատար հրադադար Աս-Սուվեյդա նահանգում․ Սիրիայի նախագահ

Արյունահեղությունը կանխելու, Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու հանձնառությամբ և ազգային ու մարդասիրական պատասխանատվությանն ի պատասխան՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունը հայտարարում է լիակատար և անհապաղ հրադադարի մասին Աս-Սուվեյդա նահանգում։ Նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, գրում է SANA գործակալությունը։

Նա կոչ է արել բոլոր քաղաքացիներին հարթել ճանապարհը, որպեսզի սիրիական պետությունը, նրա ինստիտուտներն ու ուժերը պատասխանատվությամբ կիրառեն հրադադարն այնպես, որ ապահովվի կայունությունը և դադարեցվի արյունահեղությունը։

«Կոչ ենք անում բոլոր կողմերին, առանց բացառության, լիովին հավատարիմ մնալ որոշմանը, անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները բոլոր շրջաններում և ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը, առանց որևէ խոչընդոտի ապահովել մարդասիրական օգնությունը։ Այս համատեքստում անվտանգության ուժերը սկսել են տեղակայվել մի շարք տարածքներում՝ հրադադարի ռեժիմի իրականացումն ապահովելու, հասարակական կարգը պահպանելու և քաղաքացիների ու նրանց սեփականության պաշտպանությունն ապահովելու համար»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում բախումներ տեղի ունեցան բեդվին աշխարհազորայինների և դրուզ զինված խմբավորումների միջև։ Ի պատասխան՝ Սիրիայի կառավարությունը զորքեր ուղարկեց, իսկ Իսրայելը պաշտպանեց դրուզ համայնքին և հարվածներ հասցրեց Դամասկոսին։