ԱՊՀ-ից դուրս գալու Հայաստանի ցանկության մասին ոչ մի ազդանշան չի եղել, նման տարբերակը բացառվում է։ Այս մասին ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում ՏԱՍՍ-ին հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ նշան չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, ուզում եմ ասել, ինչպես նաև Ադրբեջանը՝ մենք որևէ նշան չունենք»,-ասել է նա։
Լեբեդևն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին: «Այսօր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին եղել է Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, ելույթ է ունեցել ըստ էության հարցերի, լիազորություն է ունեցել ստորագրել մի շարք փաստաթղթեր», - նշել Է ԱՊՀ նախագահը:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը, քան այդ կազմակերպությանը անդամակցության վերականգնումը: