Սիրիայի ներքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ սիրիական անվտանգության ուժերը պատրաստվում են նորից մտնել Սուվեյդա նահանգ՝ դրուզների և բեդուինների միջև բռնկված բախումները հանգուցալուծելու համար:
Միաժամանակ, Իսրայելի բանակը հարձակվել է Սիրիայի Պալմիրա-Հոմս մայրուղում գտնվող բեդուին մարտիկների շարասյան վրա։ Ըստ իսրայելական Kan News-ի՝ նրանք շարժվում էին դեպի Սուվեյդա՝ մասնակցելու բախումներին:
Սա տեղի է ունեցել Իսրայելի կողմից Դամասկոսի դեմ հարվածներից ընդամենը երկու օր անց։
Ըստ Reuters-ի, բեդուին մարտիկները հայտարարել են, որ չեն ենթարկվելու հրադադարին, քանի որ այն վերաբերում է միայն կառավարական զորքերին։ Նրանք նպատակ ունեն ազատել իրենց այն համերկրացիներին, որոնք գերեվարվել են դրուզ զինված խմբերի կողմից:
Բեդուիններին արդեն հաջողվել է հասնել Սուվեյդա, հաստատում են արաբական աղբյուրները և իսրայելական լրատվամիջոցները:
Սիրիայի նոր իշխանությունները դատապարտել են Իսրայելի հարվածները՝ դրանք համարելով ինքնիշխանության խախտում։ Սակայն Իսրայելը իր գործողությունները հիմնավորել է դրուզ փոքրամասնության պաշտպանությամբ, թեև վերլուծաբանները նշում են, որ Իսրայելը նաև սեփական ռազմավարական նպատակներն ունի:
Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին նորություն չեն։ 14 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո, որի արդյունքում Բաշար Ալ-Ասադը հեռացվեց իշխանությունից, Իսրայելը բազմաթիվ անգամներ ռմբակոծել է Սիրիան և զբաղեցրել շուրջ 400 քառ. կմ տարածք: