Միջազգային

Վրաստանը ծրագրում է SWIFT-ը փոխարինել չինական CIPS-ո՞վ

Վրաստանի ազգային բանկը քննարկում է Չինաստանի միջբանկային վճարային համակարգին՝ CIPS-ին միանալու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Վրաստանի ազգային բանկը՝ նշելով, որ բանկի ղեկավար Նատիա Թուրնավան Թբիլիսիում հանդիպել է CIPS-ի նախագահ Ֆու Հուանի հետ:

Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը կվերաբերի վրացական ֆինանսական հաստատությունների մուտքի հեշտացմանը դեպի CIPS-ի գլոբալ ցանց։ Բանկը վստահ է, որ սա կխթանի Չինաստանի հետ փոխադարձ վճարումները և նպաստավոր կլինի Վրաստանի դերին «Միջին միջանցք» տրանսպորտային նախագծում:

CIPS-ը ստեղծվել է 2015 թվականին՝ Չինաստանի ժողովրդական բանկի կողմից, և մասնագիտացած է յուանով միջազգային վճարումների քլիրինգի մեջ։ Համակարգին միացած է ավելի քան 4700 բանկ՝ 185 երկրից։

Այս քննարկումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Եվրոպական խորհրդարանը պահանջեց Վրաստանին անջատել SWIFT-ից՝ «ժողովրդավարական հետընթացի» և 2024 թվականի ընտրությունների կեղծման պատճառով: