Թուրքիան թույլ չի տվել և թույլ չի տա Սիրիայի բաժանումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հուլիսի 17-ին Անկարայի նախագահական համալիրում կայացած կաբինետի նիստից հետո:
«Մենք ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր չենք համաձայնել Սիրիայի բաժանմանը, և վաղը կտրականապես չենք համաձայնի: Նրանք, ովքեր իջնում են ջրհորից՝ բռնվելով Իսրայելի պարանից, վաղ թե ուշ կհասկանան, թե ինչ լուրջ սխալ են թույլ տվել»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը:
Պետության ղեկավարը Իսրայելն անվանել է կանոններ անտեսող, անսկզբունքային, հղփացած, փայփայված և հուսահատ ահաբեկչական պետություն։ Էրդողանը նշել է, որ Իսրայելը, դրուզներին որպես պատրվակ օգտագործելով, վերջին երկու օրերի ընթացքում ավազակային գոտին տեղափոխել է հարևան Սիրիա։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ այս փուլում տարածաշրջանի ամենամեծ խնդիրն Իսրայելի ագրեսիան է։ Կայուն Սիրիան կապահովի կայունություն շրջակա բոլոր երկրների համար, հակառակ դեպքում՝ բոլորը կկրեն դրա բեռը, ասել է Թուրքիայի ղեկավարը։
«Եվ՛ մեր երկրի սահմաններում գտնվող քրդերը, և՛ Սիրիայի քրդերը մեր եղբայրներն են։ Մենք թույլ չենք տա, որ նրանք դառնան սիոնիստների ձեռքում առարկա»,- շարունակել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախարարություններն ու անվտանգության մարմինները մշտական կապի մեջ են իրենց սիրիացի գործընկերների հետ։
«Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Հարևան Սիրիայի տարածքային ամբողջականության, ազգային միասնության, ունիտար կառուցվածքի և բազմամշակութային ինքնության պաշտպանությունը մեր հիմնարար քաղաքականությունն է»,- ասել է նա։
Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան թշնամանք չի տածում և չի ոտնձգում որևէ մեկի իրավունքներին, օրենքին կամ ինքնիշխանությանը, այլ խաղաղություն է ցանկանում։
«Մեր արժանապատիվ արտաքին քաղաքականությամբ, խաղաղություն հաստատելու ջանքերով և դիվանագիտական կապերով մենք կանգնած ենք խաղաղության և անդորրության կողմում»,- եզրափակել է նախագահը։