Թուրքիայի դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակցին, դատապարտել է մեկ տարի ու ութ ամիս ազատազրկման: Դատարանը Իմամօղլուին մեղավոր է ճանաչել Ստամբուլի դատախազի հասցեին հանրային վիրավորանքի և սպառնալիքների մեղադրանքով:
Էքրեմ Իմամօղլուն մեղքը չի ընդունել: «Ես պայքարել եմ դատական համակարգի չարաշահման և դրա՝ որպես քաղաքական գործիք օգտագործելու դեմ: Սա իսկապես վիրավորանք է մեր ազգին», - ասել է նա դատարանում:
Գործի առիթ են դարձել Իմամօղլուի հայտարարությունները Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին, որոնց բովանդակության մասին ոչինչ հայտնի չէ: Հաղորդվում է, որ գործը վերաբերում է քաղաքապետի կողմից 2025 թվականի հունվարին արված հայտարարություններին:
Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտին՝ մի քանի գործերով, այդ թվում՝ կոռուպցիայի և ահաբեկչությանը նպաստելու մեղադրանքներով: Նրա՝ որպես քաղաքապետի լիազորությունները կասեցվել էին ձերբակալության հետ կապված: