Ուկրաինական «Անտոնով» ավիացիոն ձեռնարկությունն ավարտել է Ան-124-100 «Ռուսլան» տրանսպորտային ինքնաթիռի արդիականացումը և այն տեղափոխել Գերմանիա:
Ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան», այս մասին հայտնել են «Անտոնով» ընկերության մամուլի ծառայությունից:
Ընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռի արդիականացման աշխատանքները սկսվել են 2021 թվականին։ Դրանց նպատակն է ռուսական բաղադրիչների փոխարինումը ուկրաինական և արևմտյան արտադրության բաղադրիչներով։
Սակայն 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման պատճառով աշխատանքները մասամբ դադարեցվել էին. այդ պահից ինքնաթիռը գտնվել է ապամոնտաժված վիճակում։
Արդիականացումն ավարտվել է 2025 թվականի հունիսին։ 2025 թվականի հուլիսի 11-ին «Ռուսլան» - ն ապահով տեղափոխվել է Գերմանիա։
«Հենց դա են այդ օրը նկատել Կիևի երկնքում։ Լայնամասշտաբ ներխուժման սկզբից Ուկրաինայի օդային տարածքը փակ է քաղաքացիական ինքնաթիռների համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ օրերս Կիևի երկնքում քաղաքացիական ինքնաթիռ է նկատվել։ Դա մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում, քանի որ լայնամասշտաբ ներխուժումից հետո Ուկրաինայի օդային տարածքը փակ է ոչ ռազմական ավիացիայի համար։
Գոստոմելի «Անտոնով» միջազգային օդանավակայանի մարտական գործողությունների հետևանքով ոչնչացվել է երեք ինքնաթիռ՝ աշխարհում ամենամեծը համարվող Ан-225 «Մրիա»-ն, Ан-26 և Ан-74 («Չեբուրաշկա»)։
«Անտոնովը» ներկայումս գործում է Գերմանիայի Լայպցիգ քաղաքի օդանավակայանում։