Միջազգային

Թրամփը կոչ է արել 50 օրում կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մոսկվային 50 օրվա ընթացքում կարգավորել Ուկրաինայում տիրող հակամարտությունը՝ սպառնալով հակառակ դեպքում «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ:

Բացի այդ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են Կիևին մատակարարել «իսկապես հսկայական ծավալի ռազմական սարքավորումներ»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Վլադիմիր Պուտինից և դժգոհ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումից:

«Ես կարծում էի, որ մենք վաղուց պետք է համաձայնության գայինք, բայց այն շարունակվում է ու շարունակվում»,- ասել է նա։ Թրամփի խոսքով, ինքը զգացել է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ համաձայնության է հասել «մոտավորապես չորս անգամ»:

«Մենք կսահմանենք շատ խիստ մաքսատուրքեր, եթե 50 օրվա ընթացքում համաձայնության չհասնենք, մոտավորապես 100 տոկոս մաքսատուրքեր», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ դրանք կլինեն «երկրորդային մաքսատուրքեր», որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի առևտրային գործընկերներին:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրվեն միլիարդավոր դոլարների ռազմական սարքավորումներ: Վաշինգտոնը պատրաստվում է «արտադրել բարձրորակ զենքեր» և ուղարկել դրանք ՆԱՏՕ-ին, որից հետո դաշինքը կուղարկի դրանք «այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են»: