ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու նախազգուշացմանը։
«Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ինչ է կանգնած Ուկրաինայում հակամարտությունը 50 օրվա ընթացքում կարգավորելու մասին Թրամփի հայտարարության ետևում»,- ասել է Լավրովը։
Նա նաև նշել է. «Թրամփը գտնվում է Եվրամիության հսկայական ճնշման տակ, որը պահանջում է զինել Ուկրաինային»։
Ըստ Լավրովի՝ պարզ է, որ ԱՄՆ նախագահը գտնվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավարության անպարկեշտ ճնշման տակ. «Նրանք անպատկառ կերպով սատարում են Զելենսկու պահանջները՝ շարունակելով նրան ժամանակակից, այդ թվում՝ հարձակողական զենքերով ապահովել՝ արևմտյան երկրների հարկատուներին ավելի ու ավելի մեծ վնաս հասցնելու հաշվին։ Մեր մոտ մի ասացվածք կա՝ «ուրիշի համար փոս մի փորիր»»։
Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել է, որ եթե 50 օրվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնություն չհաստատվի, ԱՄՆ-ն 100% մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից ներկրվող ապրանքների վրա, և երկրորդային պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ: