Միջազգային

ԱՄՆ առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը

Middle East Eye-ը գրում է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել կովկասյան երկու երկրների միջև վաղուց փակուղային դիվանագիտական բանակցությունները: Այդ մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը:

Պարբերականը գրում է, որ չնայած Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայման՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը:

Բանակցությունների ընթացքին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին հայտնել է, որ հենց Թուրքիան ի սկզբանե առաջարկել է միջանցքը կառավարող մասնավոր ընկերության ստեղծման գաղափարը, որը հավանության է արժանացել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից:

«Սակայն հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի է եղել Բաքվի համար»,- ասել է աղբյուրը: 

Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը սերտորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարի հետ։ 

Թուրք պաշտոնյաները Հայաստանը դիտարկում են որպես կենսական օղակ, այսպես կոչված, միջին միջանցքում, որն ուղղակիորեն կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ: Թուրքական ընկերությունները նույնպես հետաքրքրված են Հայաստանի տարածքում պոտենցիալ ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հարցում։ 

Պարբերականը ճանապարհի երկարությունը նշում է, որ 32 կիլոմետր է և լուրջ խոչընդոտ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ 

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի համար, բայց դա չնչին հարց չէ։ Դա ձգվել է մեկ տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ»,- ասել Է Բարաքը ուրբաթ օրը Նյու Յորքում կազմակերպված լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Այսպիսով՝ այն, ինչ տեղի է ունենում, այն է, որ Ամերիկան միջամտում է և ասում. «Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհ հարյուր տարով վարձակալության, և դուք բոլորդ կարող եք օգտվել դրանցից»,- հայտարարել էր նա։

Ըստ Middle East Eye-ի՝ Բարաքի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն էին այն բանի, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է միջանցքը կառավարել ԱՄՆ մասնավոր առևտրային օպերատորի միջոցով, որը հանդես կգա որպես չեզոք երաշխավոր:

Carnegie Foundation-ի վերջին զեկույցում ասվում է, որ ծրագիրը հիմնված է Եվրամիության ավելի վաղ առաջարկի վրա, ըստ որի ամերիկյան լոգիստիկ ընկերությունը պատասխանատու կլինի երթուղու երկայնքով բեռների տարանցման կառավարման և մոնիտորինգի համար՝ թափանցիկ կերպով հաղորդակցվելով բոլոր կողմերի հետ:

Զեկույցում նշվում է, որ այս առաջարկը հիմնված է Վրաստանի անջատված շրջաններում Միջազգային վերահսկողության նախադեպերի վրա՝ նպատակ ունենալով բավարարել Բաքվի պահանջը՝ ապահովելով ամուր, երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ՝ միաժամանակ պահպանելով Երևանի ինքնիշխանությունը միջանցքի նկատմամբ։