Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է թագավոր Կարլոս III-ի հրավերը և սեպտեմբերի 17-19-ը երկրորդ պետական այցով կայցելի Միացյալ Թագավորություն: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Բուքինգհեմյան պալատը:
Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որ Միացյալ Թագավորություն բարձրագույն մակարդակով՝ պետական այցով կմեկնի երկու անգամ: Մինչ այժմ բրիտանացիները ոչ մի ամերիկացի նախագահի, ներառյալ վերընտրվածներին, երկու անգամ պետական այցով չեն հրավիրել. սովորաբար երկրորդ ժամկետում նրանց հրավիրում էին միապետի հետ թեյի կամ ճաշի։
Առաջին պետական այցով Թրամփը ժամանել էր 2019 թվականին, երբ նրան ընդունել էր թագուհի Եղիսաբեթ II-ը:
Թագավոր Կարլոս III-ը և թագուհի Կամիլան կընդունեն Թրամփին և առաջին տիկին Մելանիային Վինձորի պալատում, քանի որ Բուքինգհեմյան պալատում ընթանում է վերանորոգում:
Այցի ծրագիրը դեռ չի հրապարակվել, բայց կարելի է վստահորեն ասել, որ այն կներառի հանդիսավոր ընդունելության արարողություն և բանկետ Վինձորի Սուրբ Գևորգի սրահում: Արարողություններին կմասնակցեն թագավորական ընտանիքի բոլոր ավագ անդամները, ներառյալ Ուելսի արքայազնը և արքայադուստրը, ովքեր ապրում են Վինձորի պալատում: