Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Աբու Դաբիում։
Այս մասին ադրբեջանական Report-ին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ը վճռականորեն աջակցում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։
«Ավելի վաղ Եվրամիությունը ողջունել էր 2025 թվականի մարտին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը», - նշել է նա՝ ընդգծելով, որ ներկայիս հանդիպումը կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման ճանապարհին:
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը։ ԵՄ -ը պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձաքննություն տրամադրել, եթե կողմերը խնդրեն այդ մասին», - հայտարարել է Հիպերը։