Եվրախորհրդարանը քննադատական բանաձև է ընդունել՝ պահանջելով Վրաստանին անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից։
Հերթական անգամ հայտարարվել է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը «փաստացի դադարեցվել է» Վրաստանում շարունակվող ժողովրդավարական հետընթացի և 2024 թվականի հոկտեմբերին խորհրդարանական ընտրությունների կեղծման արդյունքում, «որոնք ակնհայտ շրջադարձային պահ են ավտորիտար ռեժիմի համար»:
Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ և նպատակային անհատական պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի անդամների և նրա ընկերությունների դեմ, և կոչ է անում ԵՄ-ին, համագործակցելով Միացյալ Թագավորության հետ, սառեցնել նրա ֆինանսական ակտիվները:
Եվրախորհրդարանն ընդգծել է, որ չի ճանաչում «2024 թվականի հոկտեմբերի 26-ին կեղծված խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանք» կուսակցության կողմից ձևավորված ինքնահռչակ կառավարությունը և Վրաստանը համարում է «Վրացական երազանքի» ոչ լեգիտիմ ռեժիմի կողմից գրավված պետություն:
Եվրախորհրդարանականներն ընդգծել են, որ Վրաստանի լեգիտիմ նախագահ են ճանաչում Սալոմե Զուրաբիշվիլիին:
Բանաձևին կողմ է քվեարկել 490 եվրապատգամավոր, դեմ՝ 147, ձեռնպահ՝ 49: Ընդհանուր առմամբ, նիստին մասնակցել են 686 եվրախորհրդարանականներ։