Միջազգային

Շոգը Եվրոպայում 2300 մարդու կյանք է խլել

Եվրոպայում վերջերս տեղի ունեցած ուժեղ շոգի պատճառով 12 քաղաքներում մոտ 2300 մարդ է մահացել. հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով արագ գիտական վերլուծության տվյալները։

Վերլուծությունը ներառել է հունիսի 23-ից հուլիսի 2-ն ընկած տասնօրյա հատվածը. հունիսի վերջին 10 օրվա ընթացքում շոգը հատկապես ազդել է Արևմտյան Եվրոպայի վրա։ Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասել է 40°C-ի, իսկ Ֆրանսիայում հրդեհներ են բռնկվել։

Գիտնականները նշում են, որ այս 10 օրվա ընթացքում արձանագրված մահվան դեպքերից մոտ 1500-ը կապված են կլիմայի փոփոխության հետ։ Կլիմայի փոփոխության հետևանքով շոգը դարձել է ավելի երկարատև ու վտանգավոր։

Հետազոտությունը ներառել է Բարսելոնան, Մադրիդը, Լոնդոնը և Միլանը։ Ըստ գիտնականների՝ այդ քաղաքներում կլիմայի փոփոխությունը ջերմաստիճանը բարձրացրել է մինչև 4 աստիճանով։

Մասնագետները կիրառել են գոյություն ունեցող մոդելներ ու մահացության տվյալներ՝ հասկանալու, թե իրականում քանի մարդ է մահացել շոգի հետևանքով։ Նրանք շեշտում են, որ շատ երկրներում նման դեպքերը չեն արձանագրվում, կամ տվյալները չեն հրապարակվում, այդ պատճառով ուսումնասիրությունն արվել է արագ՝ հիմնված վստահելի մեթոդների վրա։

ԵՄ Կոպերնիկոսի կլիմայի ծառայության տվյալներով՝ այս տարվա հունիսը եղել է երրորդ ամենաշոգ հունիսը՝ զիջելով միայն 2023 և 2024 թվականներին։ Արևմտյան Եվրոպայում գրանցվել է երբևէ ամենատաք հունիսը։ Շատ վայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը, ինչը համարվել է «ծայրահեղ շոգի ստրես»։