Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ կոռուպցիայի մեղադրանքները Բրյուսելի հսկայական խնդիրների միայն այսբերգի գագաթն են, գրում է ՏԱՍՍ-ը։
«Վաղը Եվրախորհրդարանում անհանգիստ օր է լինելու»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ հուլիսի 10-ին Ստրասբուրգում կկայանա Եվրահանձնաժողովի ղեկավարի վստահության քվեարկությունը։
«Եվրախորհրդարանի պատգամավորները կքվեարկեն այն հարցի շուրջ, թե արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պե՞տք է շարունակի ղեկավարել Բրյուսելի բյուրոկրատիան։ Քվեարկությունը նախատեսված է նախագահի շուրջ բռնկվող կոռուպցիոն սկանդալների պատճառով, բայց մենք բոլորս գիտենք, որ կոռուպցիան միայն սառցաբեկորի գագաթն է»,- գրել է նա։
Օրբանը մատնանշել է ԵՄ ներկայիս ղեկավարության ձախողված քաղաքականությունը բոլոր ոլորտներում։ Նրա կարծիքով՝ եվրոպական մրցունակությունն ավերակների մեջ է, եվրոպական էներգակիրների գները կտրուկ աճում են, անօրինական միգրացիան վերահսկողությունից դուրս է, գենդերային գաղափարախոսությունը ծաղկում է, Ուկրաինայում շարունակվում է զինված հակամարտությունը, եվրոպացի ֆերմերները գտնվում են կործանման եզրին, իսկ «անհեթեթ բնապահպանական գաղափարախոսությունը հասել է իր գագաթնակետին»։
«Վաղը կլինի ճշմարտության պահը․ մի կողմից՝ Բրյուսելի կայսերական էլիտան, մյուս կողմից՝ հայրենասերները և առողջ բանականությունը։ Խուսափելու կարիք չկա, պետք է ընտրություն կատարել։ Տիկին նախագահ, առաջնորդությունը պատասխանատվություն է։ Ժամանակն է հեռանալ»,- ընդգծել է Հունգարիայի վարչապետը՝ կոչ անելով ֆոն դեր Լեյենին հրաժարական տալ։
Եվրախորհրդարանում ֆոն դեր Լեյենի նկատմամբ վստահության հարցի վերաբերյալ քվեարկության պատճառը, առաջին հերթին, նրա դեմ առաջադրված մեղադրանքներն էին ԵՄ-ի կողմից համավարակի ընթացքում կլինիկական փորձարկումներ չանցած COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ։