Միջազգային

Մակրոնը Լոնդոնին կոչ է արել համատեղ նվազեցնել կախվածությունը Չինաստանից և ԱՄՆ-ից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Միացյալ Թագավորության խորհրդարանում  իր ելույթում հայտարարել է, որ Լոնդոնն ու Փարիզը պետք է միասին դիմագրավեն աշխարհում աճող սպառնալիքներին և նվազեցնեն կախվածությունը Միացյալ Նահանգներից և Չինաստանից։

«Մի կողմից Չինաստանն է սուբսիդիաներով և արդար մրցակցության սպառնալիքով, մյուս կողմից՝ ԱՄՆ- ն, որն ավելի ու ավելի է հրաժարվում խաղալ ԱՀԿ կանոններով և առևտրային պատերազմներ է սանձազերծում։ Բրիտանիան և Ֆրանսիան պետք է կրկին աշխարհին ցույց տան, որ մեր միությունը կարող է փոխել իրավիճակը դեպի լավը։ Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու միակ միջոցը ձեռք ձեռքի, ուս ուսի տված միասին առաջ գնալն է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը դարձել է առաջին եվրոպացի առաջնորդը, ով Բրեքսիթից հետո պետական այցով ելույթ է ունեցել բրիտանական խորհրդարանում՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման կարևորությունը։

Նա շեշտել է համագործակցության անհրաժեշտությունը պաշտպանության, միգրացիայի, կլիմայի, արհեստական բանականության և առևտրի ոլորտներում։ Մակրոնի խոսքով, անհրաժեշտ է առավել հեշտացնել ուսանողների, արվեստագետների և գիտնականների շարժը երկու երկրների միջև։

Բրիտանական Վինձորի պալատում անցկացված ճաշի ընթացքում թագավոր Չարլզ III-ն էլ առաջարկել է փոխարինել «Entente Cordiale»-ը՝ պատմական «սրտագին համաձայնությունը», նոր «Entente Amicale»-ով՝ «բարեկամական համաձայնությամբ»՝ ընդգծելով ապագայի փոխգործակցության նոր դարաշրջանը։