Միջազգային

Մակրոնի և Սթարմերի հարաբերությունները ճաքեր են տալիս. Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հարաբերություններում սկսել են ճաքեր հայտնվել, դա սպառնում է պատերազմում Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայի» պառակտմամբ․ գրում է Politico-ն:

Պարբերականը նշում է, որ երկու առաջնորդների հարաբերություններում «ճաքերի» գլխավոր պատճառը ԱՄՆ-ի հետ հարաբերություններն են։ 

Նշվում է, որ Լոնդոնն ու Փարիզը մինչ օրս սերտորեն համակարգում են իրենց գործողությունները՝ փորձելով Դոնալդ Թրամփին պահել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններում: Այնուամենայնիվ, քանի որ առաջընթացը կանգ է առել, բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաներն ավելի շատ են վրդովմունք հայտնում առ այն, թե ինչպես է մյուս կողմը որոշել վարվել ԱՄՆ նախագահի հետ:

Մասնավորապես, ենթադրվում է, որ Մակրոնը դժգոհ է Սթարմերի և Թրամփի միջև կնքված համաձայնագրից՝ Բրիտանիայի ապրանքների համար ԱՄՆ-ի մաքսատուրքերը մեղմելու վերաբերյալ, մինչդեռ Ֆրանսիան շարունակում է ընկնել ԵՄ-ի համար սահմանված պատժամիջոցների տակ: