Միջազգային

Հայտնի են Գազայում հրադադարի փաստաթղթի մանրամասները

Հայտնի են Գազայում հրադադարի փաստաթղթի մանրամասները

Կիրակի օրը հրապարակվել են Գազայի հաշտության առաջարկի նոր մանրամասներ՝ այն պահին, երբ Իսրայելը, վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Սպիտակ տուն այցելությունից առաջ, բանակցային խումբ է ուղարկել Կատար։

Նախքան այդ՝ Գազայում իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 պաղեստինցի։

«20 պատանդներ ողջ են, 30-ը՝ մահացած։ Ես վճռական եմ, մենք վճռական ենք՝ բոլորին վերադարձնելու։ Մենք նաև վճռական ենք՝ ապահովելու, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»,- ԱՄՆ մեկնելուց առաջ հայտարարել է Նեթանյահուն։

The Associated Press գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ հայտնի են դարձել միջնորդների կողմից ՀԱՄԱՍ-ին ներկայացված հաշտության առաջարկի որոշ մանրամասներ։

Փաստաթուղթը սահմանում է 60-օրյա հաշտության ծրագիր, որի շրջանակում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի 10 ողջ պատանդ, վերադարձնի 18 մահացածի մարմին, իսկ իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Գազայի՝ Իսրայելի և Եգիպտոսի հետ սահմաններին հարող բուֆերային գոտուց։ Բացի այդ, նախատեսվում է լայնածավալ հումանիտար օգնության տրամադրում։

Ըստ փաստաթղթի՝ օգնության բաշխումն իրականացնելու են ՄԱԿ-ի գործակալությունները և Պաղեստինի Կարմիր մահիկը։ Փաստաթղթում հստակեցված չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում ամերիկյան այն կազմակերպությանը, որը մայիսից սննդային օգնություն է տրամադրում Գազայի մարդասիրական հիմնադրամի շրջանակում։ Իսրայելը ցանկանում է, որ այն փոխարինի ՄԱԿ-ի համակարգող կառույցին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական