Միջազգային

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի ծրագրին

ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկած նոր ծրագրին և պատրաստ է բանակցել դրա իրականացման վերաբերյալ։ Նախաձեռնությունը նախատեսում է պատանդների ազատում և բանակցություններ՝ հակամարտության վերջնական կարգավորման շուրջ. գրում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 60 օր տևողությամբ հրադադարի «վերջնական առաջարկ»՝ նշելով, որ կողմերի պատասխանն ակնկալվում է առաջիկա ժամերի ընթացքում։

«Շարժումն ավարտել է իր ներքին խորհրդակցությունները, ինչպես նաև քննարկումներ է անցկացրել պաղեստինյան այլ խմբավորումների հետ՝ միջնորդների ներկայացրած վերջին առաջարկի շուրջ։ Մենք մեր պատասխանը փոխանցել ենք եղբայրական միջնորդներին։ Պատասխանը եղել է դրական։ ՀԱՄԱՍ-ը լրջորեն պատրաստ է անմիջապես սկսել բանակցություններ՝ այս ծրագրի իրագործման մեխանիզմների շուրջ»,-ասված է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ։

Սակայն որոշ խնդիրներ դեռ մնում են անլուծելի։ ՀԱՄԱՍ-ի դաշնակից պաղեստինյան զինված խմբավորման ներկայացուցիչը հայտնել է, որ մտահոգություններ կան հումանիտար օգնության մուտքի, Եգիպտոս տանող Ռաֆահի անցակետի բացման, ինչպես նաև իսրայելական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույցի վերաբերյալ։