Միջազգային

Օմսկում փոթորիկի հետևանքով հինգ մարդ է տուժել

Օմսկում ուժգին անձրևի և փոթորկային հողմի պատճառով տուժել է հինգ մարդ, որոնցից չորսը հոսպիտալացվել են, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Շելեստն իր Telegram ալիքում։ 

Հուլիսի 4-ին տեղի ունեցած փոթորիկի ժամանակ Օմսկի մարզի Միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունը ստացել է ավելի քան 260 դիմում։ Վնասների վերացման աշխատանքները շարունակվում են։ 

Քաղաքապետի խոսքով՝ ուժգին հողմը տապալել է շուրջ 200 ծառ, առաջացրել է էլեկտրաէներգիայի 56 անջատում, խափանել 34 լուսացույցի աշխատանքը, դադարեցրել է երկու կոյուղու պոմպակայանների և երկու կենտրոնական ջերմային կայանների գործունեությունը։ Ամուրսկի բնակավայրում հինգ տուն զրկվել է գազամատակարարումից՝ ծառերի կողմից գազատարի վնասման հետևանքով։ Փոթորիկը շրջել է երեք հասարակական տրանսպորտի կանգառ և վնասել տների տանիքներ։