Միջազգային

100 տարվա դադարից հետո Սեն գետը կրկին բաց է հանրային լողալու համար

Շաբաթ առավոտյան Փարիզում քաղաքացիները Սեն գետում լողալու հնարավորություն ունեցան առաջին անգամ 1923 թվականից ի վեր։ Հանրային լողը թույլատրվել է հատուկ նախատեսված հատվածներում, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակի և Սեն Լուի կղզու մոտ կառուցված նոր հարթակներում։

Մինչ լողի մեկնարկը քաղաքային ծառայությունները մաքրել են ջուրը՝ հեռացնելով ջրիմուռներն ու թափոնները։ Լողացողները ջուրը մտնում էին հերթով, անվտանգության նպատակով բոլորն օգտագործում էին փրկագոտիներ, իսկ տարածքում հերթապահում էին փրկարարներ։

Սեն գետի ջրի մաքրումը վերջին տարիներին դարձել էր քաղաքային մեծածավալ ծրագրի մաս։ Մոտ 1.4 միլիարդ եվրո արժողությամբ մաքրման աշխատանքներն իրականացվել են 2024 թվականի Օլիմպիական խաղերի կապակցությամբ։ Իշխանությունները հայտնում են, որ գետի ջուրը այժմ համապատասխանում է ԵՄ-ի ջրի որակի ստանդարտներին։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով անցյալ տարի արդեն սուզվել էր Սենում, կրկին ներկա էր առաջին լողորդների մուտքի ժամանակ՝ ցուցադրելով շշով վերցրած գետի ջուրը։ Պաշտոնական տվյալներով՝ ջրում հայտնաբերված բակտերիաների քանակը թույլատրելի սահմաններից ցածր է։

Չնայած դրական արձագանքներին, որոշ քաղաքացիներ դեռ կասկածում են գետի մաքրության հարցում՝ հիշատակելով անցյալում նկատված աղտոտվածությունը։ Իշխանությունները, սակայն, վստահեցնում են՝ լողալու համար նախատեսված հատվածները խստորեն վերահսկվում են։

Սեն գետում լողալը մնում է արգելված բոլոր չնախատեսված հատվածներում՝ անվտանգության նկատառումներով։