Միջազգային

Թուրքիայում ընդդիմադիր ևս երեք քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը ձերբակալել են Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) երեք քաղաքապետի՝ ընդլայնելով Ստամբուլից սկիզբ առած և ամիսներ շարունակվող իրավական ճնշումների ալիքը, հաղորդում է Reuters-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Ադանայի և Ադըյամանի քաղաքապետերը ձերբակալվել են շորթման մեղադրանքով՝ ևս ութ անձանց հետ միասին։ NTV հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվել են նաև Անթալիայի քաղաքապետն ու Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանի փոխքաղաքապետը։

Այս ձերբակալությունները մաս են կազմում լայնածավալ քննության, որը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերից և որի շրջանակում թիրախավորվել են ՀԺԿ-ի հարյուրավոր անդամներ, այդ թվում՝ 11 քաղաքապետ։

ՀԺԿ-ն հերքում է ներկայացված մեղադրանքները՝ հայտնելով, որ հետաքննությունն ունի քաղաքական շարժառիթներ։ Թուրքիայի կառավարությունը, սակայն, կտրականապես մերժում է այդ պնդումները։

2025 թվականի մարտին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցը, կալանավորվել էր կոռուպցիոն մեղադրանքով։ Այս զարգացումները հանգեցրել էին վերջին տասնամյակի ամենամեծ բողոքի ալիքին և թուրքական շուկաներից ներդրումների զգալի արտահոսքին։