Միջազգային

Քիր Սթարմերի վարկանիշը նվազում է

Բրիտանական Լեյբորիստական կուսակցության իշխանության վերադարձից մեկ տարի անց վարչապետ Քիր Սթարմերի վարկանիշը նվազել է, և այժմ քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են նրա հնարավոր պարտությունը հաջորդ ընտրություններում. գրում է BBC-ն։

Սթարմերը կարողացել է խուսափել իր նախորդների՝ Բորիս Ջոնսոնի և Լիզ Թրասի պես աղմկահարույց սկանդալներից, արձանագրել որոշ հաջողություններ արտաքին քաղաքականության ոլորտում, հաղթահարել ներքին ճգնաժամեր և սկսել մի շարք կարևոր բարեփոխումներ։ Սակայն «Ipsos» սոցիոլոգիական ծառայության հարցումները վկայում են, որ բրիտանացիների 75%-ը դժգոհ է վարչապետի աշխատանքից, այն դեպքում երբ մեկ տարի առաջ դժգոհների թիվը կազմում էր ընդամենը 30%։

«Բրիտանացիների շրջանում խորապես արմատավորված է անվստահությունը՝ կառավարության՝ կենսամակարդակը բարձրացնելու, ներգաղթը նվազեցնելու և պետական ծառայությունների որակը բարելավելու խոստումների հանդեպ։ Մարդիկ դեռ չեն տեսնում այս ոլորտներում որևէ էական առաջընթաց», – նշում է «Ipsos»-ի վերլուծաբան Գիդեոն Սքինները։

Սթարմերը կառավարությունը ժառանգել է պահպանողականներից, որոնք իշխանության էին ավելի քան 13 տարի՝ այս ընթացքում երկիրը վարելով ֆինանսական, համավարակային և քաղաքական ճգնաժամերի միջով։ Լեյբորիստների հաղթանակը հիմնականում պայմանավորված էր ընտրողների հակադրմամբ պահպանողականների նկատմամբ։