Միջազգային

Ներկայացուցիչների պալատը հաստատել է Թրամփի «Հոյակապ մեծ օրենքը»

ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ Ներկայացուցիչների պալատը վերջնական հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Հոյակապ մեծ օրենքը»՝ հարկերի և ծախսերի կրճատման լայնածավալ օրինագծին։

Օրինագիծը մոտ 900 էջ է, և այն ներառում է հարկային արտոնություններ, պետական ծախսերի կրճատումներ, ինչպես նաև ազգային պաշտպանության և ապօրինի ներգաղթյալների արտաքսման նոր ֆինանսավորումներ։ Օրենքն արտահայտում է հանրապետականների հիմնական օրենսդրական առաջնահերթությունները։

Օրինագծի շուրջ քննարկումները Կոնգրեսում բավական երկարատև էին։ Դեմոկրատները համախմբված կերպով հանդես եկան օրինագծի դեմ՝ այն քննադատելով՝ որպես սոցիալական ոլորտների վրա բացասական ազդեցություն ունեցող նախաձեռնություն։ Սակայն Հանրապետական կուսակցության համախմբված դիրքորոշման շնորհիվ օրինագիծն ընդունվեց։ Ներկայացուցիչների պալատում այն ստացել է նվազագույն անհրաժեշտ՝ 218 ձայն, մինչդեռ դեմ քվեարկել են 214 կոնգրեսական՝ ներառյալ բոլոր դեմոկրատներն ու երկու հանրապետական։

Օրինագծի ընդունումն ուղեկցվել է բարդ գործընթացով նաև Սենատում, որտեղ կողմ և դեմ ձայները հավասարվել են։ Քվեարկության ելքը վճռել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ձայնը։ Ավելի վաղ՝ մայիսին, Ներկայացուցիչների պալատն արդեն մեկ ձայնի տարբերությամբ ընդունել էր օրինագծի նախնական տարբերակը, որը հետագայում վերանայվել էր Սենատում ներկայացված փոփոխություններով։

Թրամփը շեշտել էր, որ ցանկանում է օրինագիծը ուժի մեջ մտնի մինչև Անկախության օրը։ Սակայն բացի դեմոկրատներից, օրենքի որոշ դրույթների վերաբերյալ վերապահումներ էին հայտնել նաև մի շարք հանրապետականներ՝ մտահոգություն հայտնելով դրա ազդեցության վերաբերյալ պետական բյուջեի, առողջապահության և մի շարք այլ ոլորտների վրա։