ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Քեյփ-Ջիրարդո քաղաքում շոգ եղանակի պատճառով անսպասելի դեպք է տեղի ունեցել։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան բարձր արագությամբ հարվածում ճանապարհի բարձրացած հատվածին և թռչում օդ՝ ասես ցատկահարթակից։
Դեպքի ականատեսներից մեկը պատմել է, որ նկատել է ասֆալտի փոքր վերելք ու սկսել է նկարահանել։ Բայց մի քանի վայրկյան անց ասֆալտը կտրուկ ավելի է բարձրացել և ճաքել, և մեքենան թռել է դրա վրայով։
Մեքենան, ամենայն հավանականությամբ, վնասվել է։
Քաղաքի բնակիչները տեղի ունեցածը կապում են վերջին օրերի ուժեղ շոգի հետ։ Օդի ջերմաստիճանը հասել է 35 աստիճանից բարձր, ինչը կարող է դառնալ ասֆալտի տաքացման և դեֆորմացիայի պատճառ։
Տեղական իշխանությունները դեպքի առնչությամբ դեռ մեկնաբանություն չեն տվել։