Միջազգային

Չինաստանը և ԵՄ չպետք է ձգտեն առճակատման․ Վան Ի

Չինաստանը և Եվրամիությունը չպետք է դիտարկվեն որպես հակառակորդներ իրենց ունեցած տարաձայնությունների պատճառով և չպետք է ձգտեն առճակատման։ Այս մասին երեկ Բրյուսելում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպման ժամանակ։

Կալասը նշել է, որ Պեկինը պետք է դադարեցնի սպառնալ եվրոպական անվտանգությանը՝ մատնանշելով կիբերհարձակումները, միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին և անբարեխիղճ առևտրային պրակտիկաները։

Ի պատասխան՝ Վան Ին հայտարարել է, որ Եվրոպան բախվում է մի շարք մարտահրավերների, որոնցից ոչ մեկը անցյալում, ներկա պահին կամ ապագայում չի առաջացել Չինաստանի կողմից։

«Միացյալ Նահանգների ընտրած ուղին չպետք է օգտագործվի որպես Չինաստանի արտացոլում։ Չինաստանը Միացյալ Նահանգները չէ», — նշել է Վան Ին։
Կողմերը քննարկել են նաև մի շարք միջազգային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինան, Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Իրանի միջուկային ծրագիրը, նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Այժմ Վան Իին սպասում են Գերմանիայում, այնուհետև՝ Ֆրանսիայում, որտեղ նա հանդիպելու է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոյի հետ։

Այս այցերը նախորդում են Պեկինում կայանալիք ԵՄ-Չինաստան գագաթնաժողովին, որին կմասնակցեն Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և մի քանի բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ։