Ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարվածների հետևանքով Օդեսայում վնասվել են բնակելի շենքեր։ Այս մասին տեղեկացնում են տեղի իշխանությունները։
Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեհ Կիպերը հայտնել է. «Չնայած հակաօդային պաշտպանության ակտիվ աշխատանքին, քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ բնակելի շենքեր, վնասվել են։ Տուժածների վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են։ Հետևանքների վերացման ուղղությամբ ներգրավված են բոլոր համապատասխան ծառայությունները»։
Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հավելել է, որ լուրջ վնաս է կրել բազմահարկ բնակելի շենք։ «Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն»,- նշել է նա։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հարվածի հետևանքով վնասվել է իննահարկ բնակելի շենք։
«Հակառակորդի հարվածից 7-ից 9-րդ հարկերում բռնկվել է հրդեհ։ Տարհանվել է 50 մարդ, որոնցից 10-ը՝ այդ թվում 2 երեխա, փրկվել են հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Ցավոք, կա 4 տուժած», – ասված է ծառայության հաղորդագրության մեջ։