Հունաստանի հարավում գտնվող Կրետե կղզում երեկոյան ուժգին քամիների ֆոնին սկսված արագ տարածվող անտառային հրդեհը շարունակվում է այսօր առավոտյան՝ ստիպելով հյուրանոցներից և տներից տարհանել ավելի քան 1,500 մարդ։
Հրդեհը բռնկվել է կղզու հարավում՝ Իերապետրայի շրջանում՝ այրելով անտառներ և գյուղատնտեսական հողեր։ Ըստ հրդեհային ծառայության՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 230 հրշեջ, 10 ջրային ինքնաթիռ, իսկ փրկարարները պատրաստվում են նաև ծովով տարհանման։
Իրավապահ մարմինները հորդորել են բնակիչներին չփորձել վերադառնալ տները՝ գույքը փրկելու համար։ Տուրիստները, որոնց տարհանել են, տեղափոխվել են մարզադահլիճներ կամ այլ հյուրանոցներ կղզու անվտանգ հատվածներում։
Կրետեն հանդիսանում է Հունաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Հրդեհների վտանգը հինգշաբթի մնում է բարձր ինչպես Կրետեում, այնպես էլ Հունաստանի հարավային մի շարք շրջաններում։