Միջազգային

Դիպուկահարը կրակել է հրշեջների վրա, երկուսը զոհվել են

Կիրակի օրը երկու հրշեջ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, երբ Հյուսիսային Այդահոյի լեռնային բնակավայրում հրդեհ մարելու ժամանակ նրանք հայտնվել են դիպուկահարի կրակոցների տակ։

Ավելի ուշ դեպքի վայրի մոտակայքում հայտնաբերվել է տղամարդու դիակ, մոտակայքում՝ զենք։  Պաշտոնյաները չեն հրապարակել նրա անունը և չեն հայտնել, թե կոնկրետ ինչ տեսակի զենք է հայտնաբերվել։

Շերիֆի գրասենյակի ներկայացուցիչները հայտնել են, որ փրկարարները ժամանել են Քանֆիլդ լեռան շրջակայքում հրդեհի վայր՝ Կոեր դ’Ալենից հյուսիս, մոտ 13:30-ին, իսկ մոտ կես ժամ անց ստացվել են կրակոցների մասին հաղորդումներ։

Շերիֆ Բոբ Նորիսն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները դեռևս չեն կարող հստակ ասել, թե քանի մարդ է գնդակահարվել, իսկ շերիֆի օգնականները «հենց հիմա գտնվում են ակտիվ դիպուկահարի կրակի տակ»։