Միջազգային

Իրանում սուր են արձագանքել ԻՀԿ-ի՝ Հայաստանին վերաբերվող խեղաթյուրված ձևակերպումներին

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային ճեպազրույցում անդրադարձել է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրին» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած՝ Հայաստանին վերաբերվող խեղաթյուրված ձևակերպումներին։

«ԻՀԿ անդամ երկրները երբեմն իրենց համատեղ փաստաթղթերում կարող են ձևակերպել դրույթներ, որոնք չեն արտացոլում անդամ բոլոր երկրների անհատական դիրքորոշումները։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին՝ մենք միշտ նշել ենք, որ կողմ ենք խաղաղությանը և աջակցում ենք դրան»,- ասել է նա։

Ըստ խոսնակի՝ Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի խաղաղությունը.

«Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։ Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Միևնույն ժամանակ, այդ հատուկ կետում օգտագործված ձևակերպումները և տերմինները մեր կողմից ընդունելի չեն։ Մենք գտնում ենք, որ այդ բառերը, որոնք կարող են տարածքային փոփոխությունների ակնարկ պարունակել, որևէ կերպ տեղին չեն»,- ընդծել է Իրանի ԱԳՆ խոսնակը։