Միջազգային

Թեհրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի հարստացումը

Իրանն իրավունք ունի հարստացնել ուրանը և չի պլանավորում դադարեցնել այդ գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝ ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ինչպես ընդգծել է դիվանագետը, ուրանի հարստացման գործունեությունն Իրանի «անքակտելի իրավունքն» է՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի:

«Եվ մենք ցանկանում ենք իրացնել այս իրավունքը։ Կարծում եմ՝ հարստացումը երբեք չի դադարեցվի»,- հավելել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թեհրանը մտադի՞ր է վերսկսել ուրանի հարստացումը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ավելի վաղ CBS-ին տված հարցազրույցում նշել էր, որ Իրանը պահպանել է միջուկային ծրագրի որոշ բաղադրիչներ և կարող է վերսկսել ուրանի հարստացումը մի քանի ամսվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Իրանը Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում «որոշակի չափով ունեցել և դեռևս ունի ուրանի վերամշակման, փոխակերպման և հարստացման հզորություններ»։ Ինչպես հավելել է Գրոսսին, այդ հզորությունները «մեծ մասամբ ոչնչացված են», բայց «ինչ-որ բան մնում է»։