Միջազգային

ԱՄՆ դեսպանն ավարտում է առաքելությունը Մոսկվայում

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է իր առաքելությունը և հեռանում Մոսկվայից, հայտնել են ԱՄՆ դեսպանատնից։

«Ես հպարտ եմ, որ ներկայացրել եմ իմ երկիրը Մոսկվայում՝ այսպիսի բարդ ժամանակաշրջանում։ Հեռանալով Ռուսաստանից՝ վստահ եմ, որ դեսպանատան իմ գործընկերները կշարունակեն աշխատել մեր հարաբերությունների բարելավման և ռուս ժողովրդի հետ կապերի պահպանման ուղղությամբ», — նշված է դեսպանի հրաժեշտի ուղերձում։

Հրաժեշտի խոսքում Թրեյսին մեջբերել է Ալեքսանդր Պուշկինի «Դեպի Չաադաև» բանաստեղծությունից մի հատված, որում խոսվում է հայրենիքի հանդեպ սիրո մասին․

«Քանի դեռ ազատության կրակը վառվում է,
Քանի դեռ սրտերը կենդանի են պատվի համար,
Իմ ընկեր, հայրենիքին նվիրենք
Հոգու գեղեցիկ ձգտումները»։

Հիշեցնենք, որ Լին Թրեյսին ավելի վաղ զբաղեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։