Միջազգային

Էրդողանը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ բանակցություններից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բովանդակային է գնահատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպումը։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ՆԱՏՕ-ի շրջանակներում գործընկերությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ։ Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 25-ին։

Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ին բոլոր մակարդակներում հստակորեն ներկայացվել են Անկարայի մտահոգությունները տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան չի հրաժարվել F-35 ծրագրին մասնակցությունից և ներկայումս գործընկերների հետ քննարկում է այդ ծրագրին վերադառնալու հնարավորությունը։ Նա նաև նշել է, որ Թրամփի հետ քննարկվել են F-35 կործանիչների մատակարարման հարցերը, իսկ կողմերի միջև տեխնիկական խորհրդակցություններն արդեն մեկնարկել են։ Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկայում այս ուղղությամբ առաջընթաց կգրանցվի։

Թուրքիան մտադիր է ընդլայնել իր հրթիռային ներուժը՝ զարգացնելով սեփական հակաօդային պաշտպանության համակարգերը։

Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղվի Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններից, նույնիսկ եթե այլ տարածաշրջաններն ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում։

Անդրադարձ է արվել նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է հասնեն արդար ու կայուն խաղաղության, քանի որ ստեղծված իրավիճակը դառնում է անտանելի ողջ տարածաշրջանի համար։