ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ ընթացող դատավարությունը՝ անվանելով այն «ծիծաղելի քաղաքական հետապնդում» և կոչ անելով անհապաղ չեղարկել այն կամ ներում շնորհել «մեծ հերոսին»:
Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն, որի հետ ինքը վերջերս «դժոխք է ապրել»՝ պայքարելով Իսրայելի «դաժան և խելացի» երկարամյա թշնամու՝ Իրանի դեմ, ցուցաբերել է աննախադեպ քաջություն և նվիրվածություն:
«Բիբին ռազմիկ է, գուցե, Իսրայելի պատմության մեջ աննման ռազմիկ»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ Նեթանյահուի շնորհիվ Իսրայելը խուսափել է «կորուստներից, խայտառակությունից և քաոսից»:
Թրամփը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ գործող Իսրայելի վարչապետը դատարանի առջև է կանգնում: «Այսպիսի հետապնդում այն մարդու նկատմամբ, ով այդքան շատ բան է տվել, անընդունելի է», - հայտարարել է Թրամփը:
Թրամփը նաև ընդգծել է, որ Նեթանյահուի հետ իր համագործակցությունը եղել է «աննախադեպ ներդաշնակ»՝ պնդելով, որ «ԱՄՆ-ն է փրկել Իսրայելը, և այժմ ԱՄՆ-ն է փրկելու Բիբի Նեթանյահուին»: