Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունված տեքստի համաձայն՝ դաշինքի անդամ երկրների առաջնորդները պարտավորվել են մինչև 2035 թվականը տարեկան ներդնել ՀՆԱ-ի 5%-ը պաշտպանության և անվտանգության հետ կապված ծախսերի համար՝ «ապահովելու մեր անհատական և կոլեկտիվ պարտավորությունները»:
Հայտարարությունը 5 կետ է պարունակում։
Փաստաթղթում ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրները վերահաստատել են իրենց ամուր պարտավորությունը՝ աջակցելու Ուկրաինային, ընդգծելով, որ Ուկրաինայի անվտանգությունը նպաստում է ողջ դաշինքի անվտանգությանը։ Հայտարարության համաձայն՝ այդ նպատակով Ուկրաինայի պաշտպանությանն ու պաշտպանական արդյունաբերությանը ուղղված անմիջական ներդրումները կհաշվարկվեն դաշնակիցների պաշտպանության ծախսերի մեջ։
Ըստ Telegraph-ի՝ Ուկրաինայում պատերազմի մասին չհիշատակելու որոշումը կայացվել է նախագահ Դոնալդ Թրամփի պահանջով՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի փոխադարձ պաշտպանության պարտավորությունը վերահաստատելու դիմաց։
«Մենք վերահաստատում ենք մեր անսասան հավատարմությունը կոլեկտիվ պաշտպանության սկզբունքին, որը ամրագրված է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածում՝ մեկի վրա հարձակումը բոլորի վրա հարձակում է»,– ասված է հայտարարությունում։
Այնուամենայնիվ, փաստաթուղթը պարունակում է առանձին կետ՝ «Եվրո-Ատլանտյան անվտանգության համար Ռուսաստանի կողմից սպառնացող երկարաժամկետ վտանգի» մասին: