Միջազգային

Կատարը ցանկանում է իրավիճակն օգտագործել Գազայի հարցով բանակցությունների համար

Գազայի հակամարտության միջնորդները փորձում են օգտագործել Իսրայելի և Իրանի միջև ձեռք բերված հաշտության արդյունքում ձևավորված «իմպուլսը»՝ կանգ առած բանակցությունները վերսկսելու նպատակով. հայտարարել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ Ալ-Անսարին։ Նրա խոսքով՝ վերջին օրերին Կատարը կապի մեջ է եղել «բոլոր կողմերի» հետ՝ «համոզելու Իսրայելին ու ՀԱՄԱՍ-ին վերսկսել բանակցությունները»։

«Հիմա ժամանակն է, որ նախագահ Թրամփն առաջ մղի այդ գործընթացը, և մենք վստահ ենք, որ նա անկեղծ է այդ հարցում… Մենք պատրաստ ենք աջակցել նրան այդ գործում»,– ասել է Ալ-Անսարին CNN-ի լրագրող Բեքի Անդերսոնին։

«Իրանի ու Իսրայելի միջև հաշտությունը նոր իմպուլս է ստեղծել, սակայն մենք դեռևս վտանգներից դուրս չենք։ Կան բազմաթիվ մանրամասներ գործող համաձայնության վերաբերյալ, որոնք հիմա չեմ կարող բացահայտել, բայց կարող եմ ասել, որ դրանք նույն հիմնական կետերն են, որոնք շարունակաբար ընդգրկվում ու դուրս են մնում բանակցություններից»,– հավելել է նա։

Հարցին, թե արդյոք Իրանի հարձակումը համաձայնեցված էր Կատարի հետ, Ալ-Անսարին պատասխանել է, որ որոշակի հետախուզական տվյալներ եղել են հնարավոր հարվածների մասին, սակայն շեշտել է, որ դա իսկական «անակնկալ» էր։

«Դա աննախադեպ էր, ու մենք չէինք սպասում, որ Իրանը նման քայլի կդիմի… հատկապես այն ժամանակ, երբ մենք աջակցում ենք նրան բազմաթիվ տարածաշրջանային հարցերում։ Սա վնաս հասցրեց մեր ու Իրանի հարաբերություններին, բայց մենք պատրաստ ենք շարունակել առաջ շարժվել»,– եզրափակել է նա։