Միջազգային

Իրանի միջուկային օբյեկտները կարող են վերագործարկվել. Պենտագոնի զեկույց

Պաշտպանության հետախուզական գործակալության (DIA) եզրակացությունները վկայում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Իրանի միջուկային օբյեկտների «ամբողջական ոչնչացման» մասին, կարող է չափազանցված լինել, հայտնում է The Guardian-ը։

Պենտագոնի հետախուզական ստորաբաժանման զեկույցի համաձայն՝ Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այդ թվում՝ ցենտրիֆուգները, հնարավոր է վերագործարկվեն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ Զեկույցում նաև նշվում է, որ Իրանի բարձր հարստացված ուրանի հիմնական մասը, որը կարող էր օգտագործվել հնարավոր միջուկային զենքի ստեղծման համար, նախօրոք տեղափոխվել է ու, ամենայն հավանականությամբ, պահվում է Իրանի վերահսկողության տակ գտնվող այլ գաղտնի միջուկային օբյեկտներում։

DIA-ի եզրակացությունները հիմնված են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կողմից իրականացված նախնական մարտական վնասի գնահատման տվյալների վրա։ Դրանք վկայում են, որ Թրամփի հայտարարությունը՝ օբյեկտների «լիակատար ոչնչացման» մասին, կարող է չափազանցված լինել։

Թրամփն օդային հարվածներից անմիջապես հետո՝ շաբաթ երեկոյան հեռուստաելույթում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լիովին ոչնչացրել է Իրանի միջուկային հարստացման հիմնական օբյեկտները Նաթանզում, Ֆորդուում ու Իսֆահանում, որտեղ պահվում էր հարստացված ուրան։ «Հարվածները ռազմական մեծ հաջողություն էին։ Իրանի միջուկային հարստացման հիմնական օբյեկտներն ամբողջությամբ ու լիովին ոչնչացվել են։ Իրանը՝ Մերձավոր Արևելքի խուլիգանը, այժմ պետք է խաղաղություն հաստատի»,– ասել էր Թրամփն այդ ելույթում։

Սակայն, ըստ DIA-ի զեկույցի աղբյուրներից մեկի, նախնական տվյալները վկայում են, որ հատկապես Ֆորդուի օբյեկտն ամբողջությամբ չի ոչնչացվել, ուստի հետագա գնահատականները կարող են ցույց տալ, որ հասցված վնասն ավելի փոքր է եղել։

Սպիտակ տունն իր հերթին հերքել է այս գնահատականը, որը առաջին անգամ հրապարակվել էր CNN-ի կողմից։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթի խոսքով՝ «այս ենթադրյալ զեկույցի արտահոսքը հստակ նպատակ ունի նսեմացնել նախագահ Թրամփին ու վարկաբեկել խիզախ օդաչուներին, որոնք անթերի գործողություն իրականացրեցին՝ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու նպատակով»։