ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Թրամփ-Էրդողան բանակցությունները անցկացվել են փակ ձևաչափով՝ առանց մամուլի մասնակցության։
Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ համագործակցության ընդլայնման համար՝ հատկապես էներգետիկայի ու ներդրումների ոլորտներում։ Նրա խոսքով՝ պաշտպանական արդյունաբերության բնագավառում համագործակցության զարգացումը կնպաստի երկկողմ առևտրի ընդհանուր ծավալը 100 միլիարդ դոլարի հասցնելու նպատակի իրականացմանը։
Թուրքիայի նախագահն ողջունել է Իսրայելի ու Իրանի միջև ձեռք բերված հաշտությունը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերով։ Էրդողանը հույս է հայտնել, որ այդ հաշտությունը կլինի մշտական, ու ընդգծել է սերտ երկխոսության անհրաժեշտությունը՝ Գազայում մարդասիրական ողբերգությունը շուտափույթ դադարեցնելու ու Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման հասնելու համար. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Որպես ՆԱՏՕ-ի առաջատար դաշնակիցներ՝ երկու երկրների առաջնորդներն ընդգծել են Դաշինքի զսպող ուժի հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։