Իսրայելի կողմից մասնակիորեն լուծվել են այս գործողության մեկնարկին հռչակված նպատակները, զգալիորեն տուժել են Իրանի միջուկային և հրթիռաշինական ենթակառուցվածքները. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է իրանագետ Արմեն Պետրոսյանը։
«ԱՄՆ աջակցությամբ հատկապես էական վնաս է հասցվել միջուկային առանցքային օբյեկտներին, որոնք տեղակայված են Ֆորդո, Նաթանզ և Սպահան քաղաքներում, բայց, միևնույն ժամանակ, Իրանի կողմից թե՛ Իսրայելին ուղղված պատասխան հրթիռային հարվածներով, թե՛ ԱՄՆ ռազմաբազաների դեմ գործողություններով հնարավորություն է ընձեռնվել փրկել Իսրայելի և, որոշակիորեն, Իրանի դեմքը՝ թե սեփական հանրության առջև, թե, հատկապես, տարածաշրջանում»,- նշել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այստեղ առանցքային հարցն այն է, թե արդյոք հրադադարը կլինի տևական։
«Դա կապված է Իսրայելի պլանների հետ՝ արդյոք նա այս հրադադարը կօգտագործի որպես ժամանակավոր միջոց՝ վերականգնվելու, սպառազինությունը և այլ ենթակառուցվածքներ վերականգնելու և Իրանի դեմ հարձակումը շարունակելու համար, թե պարզապես այս պահին գնահատում է, որ իր հնարավորություններն այսքանն են, և ավելիին (վերջնանպատակին՝ վարչակարգի փոփոխությանը) հասնելու գործողություն այս պահին հնարավոր չէ։ Բավական բարդ է ասել։ Իհարկե, վերջին օրերի ընթացքում Իրանի ներսում, այնուամենայնիվ, որոշակի կառավարելի կայունությունը նպաստեց, որ Իսրայելը և նրա դաշնակիցներն այս պահին երկրորդական պլան մղեն, հետաձգեն վարչակարգի փոփոխությանն ուղղված քայլերը, որն, ըստ էության, այս ամենի վերջնանպատակն է»։
Իրանագետի խոսքով՝ հաշվի առնելով այս վերջին գործողության արդյունքները՝ ակնհայտ էր, որ դրանք Իրանի դեմքը փրկելուն միտված քայլեր էին, իսկ հետագա զարգացումները, մասնավորապես, ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված հայտարարությունները ցույց տվեցին, որ հնարավոր է նաև, որ այս շղթայական քայլերը հրադադարի գործընթաց ապահովելու ու բոլորի համար ընդունելի իրավիճակ ստեղծելուն միտված քայլեր են։
Արմեն Պետրոսյանը հետագա զարգացումների 2 հնարավոր սցենար է նշում.
«Առաջինը, հրադադարի շարունակում, ամրապնդում և դրա արդյունքների հաստատում բանակցությունների ընթացքում, որոնք ընդհատվել էին Իսրայելի հարձակումից առաջ. այսինքն, բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Երկրորդն, իհարկե, բանակցային գործընթաց կլինի, թե ոչ, կամ դրան զուգահեռ, որոշակի ժամանակ անց, Իսրայելի կողմից սեփական ռազմական արսենալը վերականգնելուց հետո, գործողության շարունակում, այս անգամ՝ արդեն ուղղված վերջնանպատակին, այսինքն, վարչակարգի փոփոխությանը»։