Միջազգային

Իսրայելն ու Իրանը գնում են հաշտության

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը տեղական ժամանակով 4։00-ին դադարեցրել է հարձակումները։

«Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները, որոնք ուղղված էին Իսրայելի ագրեսիան պատժելուն, շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ մինչև առավոտյան ժամը 4:00-ը»,- գրել է նա սոցցանցում։

Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ Իսրայելի հետ հաշտության կամ մարտական գործողությունների դադարեցման մասին որևէ համաձայնություն չկա: Այնուամենայնիվ, եթե Իսրայելը դադարեցնի հարձակումները, Թեհրանը նույնպես պատրաստ է դադարեցնել ռմբակոծությունները: 

«Ներկայումս չկա որևէ «համաձայնություն» հաշտության կամ մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Սակայն, եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր ապօրինի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ մինչև Թեհրանի ժամանակով առավոտյան ժամը 4:00-ը, մենք մտադիր չենք շարունակել մեր պատասխան գործողությունները դրանից հետո», — գրել է Արաղչին X-ում: Նա հավելել է, որ մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ: 

Մարտական գործողությունները դադարեցնելու մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ CBS-ի՝ Թրամփը կապ է հաստատել Նեթանյահուի հետ, և վերջինս համաձայնել է հաշտության՝ պայմանով, որ Իրանը չշարունակի հարձակումները:  Միաժամանակ, Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը համաձայնել են հաշտության։