Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարքաթը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ չեն արտասվի, եթե Իրանում ռեժիմը տապալվի։
«Մենք ոչ մի արցունք չենք թափի»,- ասել է նա՝ խոսելով Իրանի ռեժիմի հնարավոր տապալման մասին, սակայն հրաժարվել է հաստատել կամ հերքել, թե արդյոք ռեժիմի փոփոխությունը Իսրայելի նպատակներից մեկն է այս պատերազմում:
Հարցին՝ ինչու է Իսրայելի թիրախներից մեկն էլ եղել Իրանի բանտը, Բարքաթը պատասխանել է. «Նրանք հարձակվում են Իսրայելի խաղաղ բնակիչների, երեխաների, կանանց վրա: Նրանք ահաբեկչություն են սերմանում, և քանի դեռ շարունակում են դա անել, մենք հարվածներ կհասցնենք ռազմավարական օբյեկտներին»:
«Մենք գիտենք, թե որտեղ են նրանք ապրում: Գիտենք՝ ինչով են նրանք զբաղվում, գիտենք նրանց ծրագրերը: Մենք նրանց մասին ամեն ինչ գիտենք և կհարվածենք նրանց առավելագույն կոշտությամբ, մինչև նրանք դադարեն»,- ավելացրել է նա: