Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Մոսկվա ժամանելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ այցը նախապես պլանավորված էր: «Ստամբուլից հետո ես ժամանել եմ Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Իսրայելի ռեժիմի ագրեսիան և տարածաշրջանին սպառնացող խնդիրները: ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումը ընդլայնում է մեր քննարկումների շրջանակը»,- հայտարարել է Արաղչին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա ագրեսիա է, որը պետք է խստորեն դատապարտվի: «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումը, որն անցյալ կիրակի վճռականորեն դատապարտել է այդ ագրեսիան: Հույս ունենք, որ գործնական քայլեր կձեռնարկվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և այլ միջազգային հարթակներում»,- նշել է նա:
Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարձակումը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և, առավել կարևոր, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT): «Այս հարձակումը կասկածի տակ է դնում NPT-ի դերը, քանի որ միջազգային կառույցները չեն կարողանում պաշտպանել խաղաղ միջուկային էներգիայով զբաղվող երկրների շահերը»,- հավելել է նախարարը: